ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Կան գրքեր, որ թարգմանվել են անգլերեն, բայց շրջանառվում են հայկական գրքի շուկայում»

«Կան գրքեր, որ թարգմանվել են անգլերեն, բայց շրջանառվում են հայկական գրքի շուկայում»
06.02.2015 | 13:05

«Կայարան» գրական ակումբի նախաձեռնությամբ 2012-ից ընթերցասերների ուշադրությանն է ներկայացվում հայ արձակագիրների համանուն տարեգիրքը: Այս տարի առանձին գրքով ներկայացվել են նաև երիտասարդ գրողները: «Երիտասարդ գրողների անթոլոգիան» ունի երեք բաժին` պոեզիա, արձակ և թատերգություն: Ներկայացված են 30-ից ավելի հեղինակներ` Մհեր Բեյլերյան, Գրիգ, Անրի Գրիգորյան, Լուսինե Պետրոսյան, Սեթ Մկրտչյան և այլք: Նորընծա գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Էդիթ պրինտ» գրախանութում: «Էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ, բանաստեղծ ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ նկատեց, որ կյանքի է կոչվել ողջունելի ու խիզախ նախաձեռնություն, որովհետև երիտասարդներին մեկտեղելիս, տպագրության տարածք տրամադրելիս միշտ սխալվելու վտանգն առկա է. «Այդ խիզախումն իր վրա վերցրեց ակումբի նախագահ, «Կայարան» գրական հանդեսի խմբագիր Սուսաննա Հարությունյանը: Հրապարակում եղած անունների կողքին անթոլոգիայում վստահորեն ներկայացել են նաև նոր անուններ: Հարկ է նկատել, որ երիտասարդական նման շարժումների մեջ ձևավորվում է մեր հասարակության վաղվա պատկերը»:
Միջոցառման վերջում Աշոտ Գաբրիելյանը պատասխանեց «Իրատես de facto»-ի հարցերին:

-Հաճախ է խոսվում գրողներին թարգմանաբար ներկայացնելու անհրաժեշտության մասին: Թարգմանության արդյունքում տուժո՞ւմ է գրական գործը, հատկապես պոեզիան:
-Ամեն բառ ունի իր զգացողությունը, իր տարածությունը, իր արեալը, և թարգմանելիս անպայման դրանցից ինչ-որ բան կորչում է: Օրինակ, «Լեռան հառաչանքը» ճապոներենում թարգմանվում է մեկ բառով, ու ճապոնացին դա կարող է ամբողջությամբ հասկանալ, բայց չկա մեկ այլ լեզու, որ կարողանա դա փոխանցել իր լեզվի կրողին: Ցանկացած թարգմանություն դատապարտված է ինչ-որ կորստի: Ասեմ, որ ես չեմ հավանում այն թարգմանությունը, որը, կարդալով, անմիջապես զգում եմ, թե ով է թարգմանիչը: Շատ դեպքերում կարելի է ստեղծագործության լեզուն ավելի հմայիչ դարձնել, բայց, այսպես ասած, «չթարգմանել» ստեղծագործությունը:
-Երիտասարդական անթոլոգիայում տեղ գտած գործերը թարգմանելու անհրաժեշտություն կա՞ արդյոք:
-Միշտ էլ ողջունելի է, երբ գրական «արտադրանքը» թարգմանվում ու ներկայացվում է օտարալեզու ընթերցողին: Այս դեպքում նրանք պատկերացում կունենան, թե ինչպես են մտածում ու ստեղծագործում առաջին քայլերն անող գրողները Հայաստանում: Ժամանակ առ ժամանակ հայ երիտասարդ գրողներին ներկայացնող անթոլոգիաներ թարգմանվում և հրատարակվում են: Ցավալին այն է, որ դրանք հաճախ ինքնանպատակ են: Օրինակ, կան գրքեր, որ թարգմանվել են անգլերեն, բայց շրջանառվում են հայկական գրքի շուկայում: Պետք է դրանք տեղ հասցնել:
-Չե՞ք կարծում, որ հայերեն տարբերակը նույնպես տեղ չի հասնում: Քչերին է հետաքրքրում, թե ինչ է գրում իր ժամանակակիցը, առավել ևս` երիտասարդ գրողը, ում անունը ոչինչ չի ասում:
-Այո, նույն մեխանիզմն է, այստեղ ևս այդ գործընթացները արդարացում չեն գտնում ու դառնում են ինքնանպատակ: Անհրաժեշտ է լուրջ մարտավարություն: Աշխարհն այսօր այնքա՜ն է փոքրացել, բայց դրանից մենք ոչ թե օգուտ, այլ կարծես վնասներ ենք քաղում:
-Կա՞ն անուններ, որ կառանձնացնեիք: Խոսքը երիտասարդական անթոլոգիայում տեղ գտած հեղինակների մասին է:
-Չեմ առանձնացնի:
-Ի՞նչ կասեք ֆեյսբուքյան գրառումների, գրական և այլ բլոգների մասին: Դրանք օգնո՞ւմ են գրողին ճանաչելուն:
-Եթե 50 տարի առաջ գրողն ինքնահաստատվելու համար ձեռքը գրիչ էր վերցնում, գիրը տեղ հասցնելու համար խմբագրությունների, տպարանների դռներ թակում, այսօր ցանկացած պահի կարող է իր խոսքը հասցնել հասարակությանը: Մի կողմից՝ դա վտանգավոր է, որովհետև այդ մարդիկ կարող են կորցնել մեծ գրականություն տանող ճանապարհի իմաստը, կգրեն հայտագրեր ու չեն էլ անցնի լուրջ գրականության:
-Ի՞նչ ազդեցություն են թողնում լակոնիկ հաղորդագրություններն ու գրառումները գրականության վրա: Ձեր «Գրպանի բանաստեղծություն» ժողովածուն կարծես նման առանձնահատկություն ունի:
-Դա համաշխարհային տենդենց է, երկար տողերի, բանաստեղծության մեջ ի հայտ են գալիս ձգձգում, ճոռոմախոսություն: Մեր պրոզաիկ դարում դրա կարիքը չկա:
-Ասում են, որ, ի տարբերություն արձակի, ժամանակակից պոեզիան շատ աղքատ է: Կա՞ ճշմարտություն դրանում:
-Արձակի հասցեատերերն ավելի շատ են, ուստի գրաքննադատությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում այս ժանրին: Մեր այսօրվա գրաքննադատությունը խնդիր ունի պոեզիայում ևս համակարգելու ժամանակակից պրոցեսները: Որոշ փորձեր արվել են, բայց մեր գրաքննադատությունը, ինչպես խորհրդային ժամանակներում, այժմ էլ մի գծի վրա է ուզում պատկերացնել այսօրվա պոեզիան: Ինչի արդյունքում հասարակության և գրականության մեջ խոր անդունդ է բացվում:
-Դուք նաև գրախանութի տնօրենի պաշտոն եք զբաղեցնում: Ինչպիսի՞ն է պատկերը գրքի շուկայում: Ի՞նչ է կարդում այսօրվա ընթերցողը:
-Ընդհանուր շուկայում ավելի շատ ռուսերեն գրքեր են գնում: Երիտասարդների շրջանում մեծ ընթերցասիրություն եմ նկատում, բայց հայկական շուկայի գրատպությունը կարծես չի առնչվում դրա հետ: Մեզ մոտ բացակայում է բազմաժանր գրականությունը: Եթե մեկն ուզում է դետեկտիվ կամ ֆանտաստիկ գրականություն կարդալ, ինչի նկատմամբ հետաքրքրություն մեր հասարակության մեջ կա, պետք է դրանք փնտրի ռուսերեն բաժնում: Չեմ ասում` հերթեր են գոյանում, բայց ռուսական բաժինների մոտ միշտ գրասերների խմբեր կան կանգնած: Թարգմանություններն ու, այսպես ասած, «օժանդակ ժանրերի» գրականությունը կարող են դաշտ ստեղծել հայերեն գրքերի պահանջարկի համար:
-Գրախանութներում ընթերցողին առաջարկում են նաև բուկինիստական գրականություն: Հետաքրքիր է` ի՞նչ պահանջարկ ունեն դրանք:
-Բուկինիստական գրքեր շատ են գնում, որովհետև գնային առումով մատչելի են: Բացի այդ, շատ գրքեր ժամանակին տպագրվել են գիտական մակարդակով, մեծ տպաքանակով, և դրանց վերահրատարակման կարիքը կարծես չի զգացվում: Վերահրատարակումների տիպեր էլ կան, որոնք բավարարում են ոչ թե գրքի բովանդակության պահանջարկը, այլ տվյալ հեղինակի, թող ներվի ասել, ֆետիշացման աստիճանը: Նարեկացի որքան էլ հրատարակես ու որքան շքեղ, միևնույն է, վաճառվելու է:


Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Տեսանյութը` Լյունսե Երիտասարդական Ռադիոյի

Տեսանյութ

Երիտասարդ գրողների անթոլոգիա
Դիտվել է՝ 2530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ